Posted in 3- դասարան, Ընթերցարան

Ա․ Խնկոյան «Վատ ընկերը»

Վատ ընկերը

Աթաբեկ Խնկոյան

Մի անգամ Առյուծ արքան

Մռնչում էր կողի ցավից.

Գազանները ամեն կողմից

Եկան հիվանդ արքային տեսնելու,

Բայց մեջներին չկար աղվեսը:

Էնտեղ մեկն էլ մի պառավ գել

Ասավ.

– Արքա, ախր ի՞նչ կա,

Որ աղվեսը`հաճուճ-մաճուճ

Թիզ ու կեսը, քեզ չի հարգել,

Տես, չի եկել:

Ցավը թողած`արքան գոռաց,

Թե` հա թռեք, էն ըմբոստին

Մոտս բերեք:

Հինգ, վեց գազան ելան հասան,

Էն աղվեսին մի կերպ գտան,

Պատճառն ասին, բերին ատյան:

Արքան գոռաց.

— Ո՞ւր ես, մեռած…

— Ասեմ ձեռաց,-աղվեսն ասաց.

— Տեր վեհափառ, խնդիրս առ,

Որ լսեցի` դու հիվանդ ես,

Էլ ինչ ասեմ, ինձ հո գիտես,

Ինչպես գլխիս կրակ վառած

Եվ պատանս էլ թևիս առած

Հա էստեղ, հա էնտեղ,

Վերջը գտա ցավիդ դեղը,

Գելի մորթին արա մուշտակ,

Միսը` շորվա, խմի տաք-տաք,

Քրտնեց կողդ, կանցնի դողդ:

Որ չտվեց էսպես թելին,

Իսկույն գետին դրին գելին:

Արքան հագավ գելի կաշին,

Միսը կերավ նախաճաշին:

Քրտնեց կողը, անցավ դողը

Մեջտեղ գնաց զրպարտողը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Զրպարտող- մեկի վրա սուտ մեղադրանքներ դնող

Շորվա- մսով ապուր

Պատան – դիակը փաթաթելու սպիտակ սավան։

  1. Ինչպիսի՞ն էր ստեղծագործության աղվեսը:

Աղվեսը խորամանկ էր, որովկետև կարողացավ արդարանալ։

  1. Ինչպիսի՞ն էր ստեղծագործության գայլը:

Գայլը զրպարտող էր, նա վատաբանեց աղվեսին, որ չի եկել տեսնի, թե առյուծն ինչպես է։

  1. Ստեղծագործությունից դուրս գրի՛ր

3-ական միավանկ և երկվանկ բառ:

Միավանկ

Դող, հինգ, գայլ

երկվանկ

Աղվես, առյուծ,կաշի։

  1. Տրված բառերի հականիշները գրի՛ր.

Վախկոտ –  խիզախ, քաջ

Մեղավոր –  անմեղ

Հիվանդ – առողջ

Ուժեղ – թույլ

Պառավ – ջահել

  1. Շարունակի՛ր ըստ օրինակի. Օրինակ՝ ցավ-ցավել

Հիվանդ – հիվանդանալ

Դող – դողալ

Նախաճաշ – նախաճաշել

Քրտինք – քրտնել

Հագուստ-հագնել